Հոկտեմբերի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց հոկտեմբերի 20-21-ը Երևանում անցկացվող համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Եվրոպական շարժման նախագահ Փաթ Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որը կազմում էին Եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը և Գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն:
Ողջունելով հյուրին` արտգործնախարարը գոհունակություն հայտնեց համաեվրոպական հեղինակավոր կազմակերպության Երևանում անցկացվող համաժողովի կապակցությամբ՝ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը Հայաստանում կարևոր խթան է հանդիսանում Հայաստան-ԵՄ համագործակցության առավել ամրապնդման համար:
Եվրոպական շարժման նախագահ Փաթ Քոքսը շնորհակալություն հայտնեց կազմակերպության համաժողովի կազմակերպմանը ՀՀ իշխանությունների ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց, որ միջոցառումը լավ հնարավորություն է վերլուծելու այսօր ԵՄ-ում տեղի ունեցող գործընթացները ու ամփոփելու Հայաստանի-ԵՄ հարաբերություններում ցայսօր արձանագրված տեսանելի առաջընթացը:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Եվրոպական մերձեցման, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:







































