Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրքական բանակը լայնամասշտաբ գործողություններ է սկսել Հյուսիսային Իրաքում, ուր գտնվում են Թուրքիայում ահաբեկչական հռչակված և արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները։ Թուրքական բանակը Հյուսիսային Իրաք է ներխուժել 5 տարբեր տեղերից։
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդմամբ՝ այդ գործողությանն ընդհանուր առմամբ մասնակցում է 22 գումարտակ, որոնց օժանդակում է թուրքական ավիացիան՝ ավիահարվածներ հասցնելով PKK-ի դիրքերին։
Հիշեցնենք, որ Չուքուրջայի արյունալի բախումից հետո, որին զոհ է գնացել ավելի քան 20 թուրք զինծառայող, օդա-դեսանտային բրիգադներում ընդգրկված մոտ 600 թուրք հատուկջոկատայիններ ուղղաթիռներով դեսանտ էին իջեցվել Իրաքի հյուսիսում։ Նրանք Իրաքի տարածքում առաջ էին շարժվել 4 կիլոմետր։