Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս ԱՊՀ 8 պետությունների կողմից կնքված Ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը «պատմական» անվանեց: «Հայաստանի տնտեսության և տնտեսվարող սուբյեկտների համար բացառիկ հնարավորություններ են ստեղծվում»,- ասաց նա:
Տ. Սարգսյանը հայտարարեց, թե պայմանագիրը կազմված է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա. «Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, գոյություն ունեցող սահմանափակումների թիվը մոտ 600-ով նվազում է»:
Համաշխարհային բանկի «Բիզնես միջավայրի գործակից»-ում Հայաստանի 6 քայլով առաջխաղացումը` 61-ից 55-րդ տեղ, Տ. Սարգսյանը դրական գնահատեց. «183 երկրների շարքում բարեփոխումների մասով Հայաստանն առաջատար է, 5 ռեֆորմներ դրական են գնահատվել: ԱՊՀ-ում այս ցուցանիշով երկրորդ տեղում ենք, զիջում ենք միայն Ղազախստանին»:
Անդրադառնալով ինն ամսվա տնտեսական 5% աճին՝ վարչապետը կարևորեց արդյունաբերության ոլորտի աճը, միաժամանակ հավելելով, որ շինարարության մեջ անկումը շարունակվում է:








































