«Փոքրաքանակ լինեն հանրահավաքները, թե մեծաքանակ, բայց մենք ասում ենք որ իշխանության գալու ենք սահմանադրական ճանապարհով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ հանրահավաքների մասնակիցների թվաքանակի նվազման հարցին անդրադառնալով, կարծիք հայտնեց ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Նա հավանական համարեց, որ հոկտեմբերի 28-ին ՀԱԿ հանրահավաքին մասնակցի 100 հազար մարդ, ինչպես նաև հավելեց, որ հանրահավաքներին մարդկանց մասնակցությունը ոչ թե իրենք են ապահովում, այլ իշխանությունը, որովհետև վերջինս փակում է ճանապարհները, ահաբեկում է մարդկանց, որպեսզի չմասնակցեն ՀԱԿ հանրահավաքներին:
Եղիազարյանը նկատեց, որ երկխոսության ձախողման համար ՀԱԿ-ը որևէ մեղք չունի, այլ պարզապես ցանկանում էր խաղաղ ճանապարհով հասնել արտահերթ ընտրությունների, ինչը, սակայն, իշխանությունները չընկալեցին:
Եղզիազարյանը նշեց, որ իրենք իրավունք չունեն հեղաշրջման միջոցով գալ իշխանության, քանզի դրանից կօգտվեն թշնամիները:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ լինեն թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական արտահերթ ընտրություններ: Եթե դրված է Սերժ Սարգսյանի հրաժարականը, ապա դա նշանակում է, որ եթե այդ մարդը բարով-խերով հրաժարական տվեց, ուրեմն կլինի արտահերթ նախագահական և անմիջապես հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Թող մնա մեկ ժամ, մենք պետք է գնանք արտահերթի, որովհետև հակառակ դեպքում դրանք կեղծվելու են»:
Հարցին, թե Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞, Եղիազարյանը պատասխանեց. «Ես կարծում էի, որ նա ընդհանրապես իշխանության չի գա, բայց սխալվեցի»:
Եղիազարյանը նաև հավելեց, որ հերթական ընտրությունների պարագայում պրեսկոտները կամ պրեսկոտատիպերը կողջունեն կեղծված ընտրությունները, կասեն, որ դրանք եվրոպական ստանդարտներով են անցել, որովհետև նրանց պետք է, որ Հայաստանում լինեն թույլ իշխանություններ:
Հարցին, թե, այդուամենայնիվ, եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ՀԱԿ-ը կմասնակցի՞ հերթականին, Եղիազարյանը պատասխանեց. «Ես ասում եմ` մենք հասնելու ենք արտահերթ ընտրությունների»:








































