Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Բաքվում գտնվող Atlas քաղաքական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էլհան Շահինօղլուն անդրադարձել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը.
«Թուրքիայի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Իսմեթ Յըլմազն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց դեպի Ադրբեջան՝ պահպանելով այդ ավանդույթը։ Ադրբեջանում նա հանդիպումներ ունեցավ նախագահ Իլհամ Ալիևի ու պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ։ Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցը։ Աբիևը նրա մոտ դժգոհել է Հայաստանի «զավթողական» քաղաքականությունից։
Ընդհանուր առմամբ, Յըլմազի ադրբեջանական այցը պահանջարկված էր։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փակուղային իրավիճակի և Ռուսաստանի ու Իրանի կողմից աճող ճնշման ֆոնին թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության ընդլայնման հարցը ներկայումս ավելի սուր է դրված, քան երբևէ։
Նախորդ տարի երկու երկրների միջև կնքված «Ռազմավարական գործընկերության ու փոխօգնության մասին» պայմանագիրը երկու կողմին էլ հնարավորություն է ընձեռում առավելագույն ձևով բարձրացնելու ռազմական ոլորտում համագործակցության մակարդակը։ Այսինքն՝ թուրք-ադրբեջանական այդ համագործակցությունը կարելի է հասցնել հայ-ռուսական ռազմական-ռազմավարական միության մակարդակին։
Այդ պայմանագիրը Թուրքիային փաստացիորեն ընձեռում է Ադրբեջանի անվտանգության երաշխավորի կարգավիճակ։ Այլ կերպ ասած՝ Նախիջևանի անվտանգությունը երաշխավորող, 1921 թվականին կնքված Կարսի պայմանագրի ազդեցության գոտին պետք է ընդլայնել՝ տարածելով ողջ Ադրբեջանի վրա։ Դա համեմատելի է Հայաստանի հետ՝ ՀԱՊԿ-ի ու Մոսկվայի մասով։ Դրա համար էլ պատահական չէր, որ Յըլմազը հայտարարեց, թե անկախ Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակից՝ Թուրքիան մշտապես գտնվելու է Ադրբեջանի կողքին։
Այս ամենի հետ մեկտեղ, երկու երկրների միջև առկա են մի շարք տարաձայնություններ. պաշտոնական Բաքուն չի շտապում վերացնել Թուրքիայի հետ գործող անցագրային ռեժիմը, ձգձգում է մեկ տարի առաջ հաստատված Թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորհրդի ենթակոմիտեների ձևավորումը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակները ուրախ չեն թուրքական խոշոր կապիտալի ներթափանցումից։
Ռազմական համագործակցությունը կարող է հաջողությամբ իրականացվել քաղաքական ու տնտեսական խնդիրների հարթման հետ մեկտեղ։ Այդ համագործակցության ընդլայնումն առաջին հերթին անհրաժեշտ է հենց Ադրբեջանին»։
Հիշեցնենք, որ «Ռազմավարական համագործակցության ու փոխօգնության» մասին թուրք-ադրբեջանական պայմանագիրը կողմերը կնքել են 2010 թվականի օգոստոսի 16-ին: Այս տարվա մարտի 10-ին թուրքական խորհրդարանը վավերացրեց դա, իսկ Ադրբեջանի խորհրդարանը դա արել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին: Մարտի 29-ին էլ իր ստորագրությամբ պայմանագիրը հաստատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։









































