Հոկտեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» տնօրենների խորհրդի պատվիրակության անդամների` Ժերոմ Բակոնինի, Կուրտ Բայերի, Օլե Բլոնդալի, Ջանլուկա Գրանդիի, Օլե Հովլանդի, Հերբերտ Յունկի, Յան Մաասի և Պեդրո Մորիոնիի հետ:
Հանդիպման ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բնագավառում տիրող վիճակը, առկա մարտահրավերներն ու զարգացման խոչընդոտները, ինչպես նաև դրանք հաղթահարելու` Հայ ազգային կոնգրեսի մոտեցումներն ու պատկերացումները:
ՀՀ առաջին նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է, որ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներն են ինչպես անբարենպաստ արտաքին գործոնները, այնպես էլ երկրի ներսում տիրող համակարգային կոռուպցիան, մենաշնորհների առկայությունը, իրավական պաշտպանության հնարավորության բացակայությունը և ժողովրդավարական ազատությունների բացակայությունը:
Պատվիրակության անդամների խնդրանքով նախագահ Տեր-Պետրոսյանն անդրադարձել էնաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:







































