Ինչպես «Առաջին լրատվականին» հայտնեցին «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունից, Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքի պարզ է դարձել, որ Ռուզաննա Բեգլարյանը 2009-ից Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է:
Այդ նույն ժամանակահատվածում, ըստ նախաձեռնության տարածած հաղորդագրության, այգու տարածքում գործող փոքրիկ սրճարանը դարձել է մի քանի հարկանի բետոնապատ շինություն` գրավելով կրկնակի ավելի մեծ տարածք, քան նշված է Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում:
Ի դեպ, սրճարանը կառուցվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, այն սահմանված կարգով չի համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ:
Ըստ նախաձեռնության տարածած հաղորդագրության` կառուցապատման արդյունքում խախտվել են քաղաքացիների առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու ու հանգստի սահմանադրական իրավունքները, ՀՀ մի շարք օրենքների պահանջներ ու միջազգային պարտավորություններ:
«ՀՀ նախագահի, գլխավոր դատախազի և Երևանի քաղաքապետարանի կողմից անտեսվել են 20.000 քաղաքացիների կողմից նրանց ուղղված դիմումները, ՀՀ բոլոր ատյանների դատարանները մերժել են 116 քաղաքացիների հայցը: ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է նաև քննության առնել նաև «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը:
Այս բացահայտմամբ փաստորեն պարզ է դառնում` ո՞ւմ հովանավորության պատճառով ՀՀ քաղաքացիներին չհաջողվեց օրինական ճանապարհով կանխել Ուսանողական այգու ոչնչացումը:
«Փաստորեն, Ս.Սարգսյանը դարձել է Երևանում հանրային տարածքների գրավման ու անօրինական կառուցապատումների փաստացի «տանիք»»,- նշում են քաղաքացիական նախաձեռնության ամդամները:












































