News Georgia-ի փոխանցմամբ՝ իր տարածաշրջանային այցի շրջանակներում ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Վիլյամ Բըրնսը երկօրյա այցով ժամանել է Վրաստան։
Վրաստանում Բըրնսը հանդիպում է ունեցել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ։ Հանդիպման ժամանակ Բըրնսն իր երկրի անունից աջակցություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, Եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրմանը, Վրաստանի ժողովրդավարական զարգացմանը։
Բացի այդ, Բըրնսը վրացական կողմին շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում տարվող միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը նաև քննարկել են երկկողմանի հարաբերությունների լայն շրջանակ, տարածաշրջանում տիրող իրավիճակը և միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության հարցը։
Երեկ էլ Բըրնսը հանդիպել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիային։ Պլանավորված է, որ այսօր Բըրնսին ընդունելու է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ Բըրնսը Վրաստան է այցելել Ադրբեջանից։







































