«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Սերգեյ Մարկովը…
– Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությամբ, այս մասին օրերս գրեց ռուսաստանյան Независимая газета-ն՝ նշելով, որ այդպիսի առաջարկ արվել է վերջերս Սարկոզիի կատարած տարածաշրջանային այցի ժամանակ… Պարոն Մարկով, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը հետ է մղվում ղարաբաղյան կարգավորման հիմնական միջնորդի իր դիրքերից, և ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են Ֆրանսիայի ջանքերը արդյունք տալ…
– Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հետ չի մղվում ղարաբաղյան կարգավորման հիմնական միջնորդի իր դիրքերից… Ռուսաստանն այժմ առավելապես կենտրոնացած է ներքին խնդիրների վրա… Հայտնի է, որ կարգավորման գործընթացում ակտիվ դերակատարություն էր ստանձնել Դմիտրի Մեդվեդևը, իսկ այժմ նա հայտնի քաղաքական պատճառներով զբաղվելու է ներքաղաքական հարցերով, որովհետև արդեն մեկնարկել է նախընտրական գործընթացը, քանի որ Պուտինի և Մեդվեդևի դիրքերի փոխատեղումն է ընթանում… Մեդվեդևը որպես վարչապետ պետք է զբաղվի ներքին քաղաքական խնդիրներով, իսկ արտաքին հարցերով արդեն կզբաղվի Պուտինը… Այդ իսկ պատճառով՝ ջանքերի ինտենսիվությունը ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ կարող է նվազել…
Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ Նիկոլա Սարկոզին կարգավորման գործընթացում հետաքրքրված է իր դերի ակտիվության ցուցադրմամբ, քանի որ Ֆրանսիայում գոյություն ունի հայկական ազդեցիկ սփյուռք, և նա նրանց ձայները ստանալու ակնկալիքներ ունի… Այնպես որ, կարծում եմ, որ սա ֆրանսիական ակտիվության ժամանակավոր թրթիռ է մինչև նախագահական ընտրությունները, ընտրություններից հետո այդ հետաքրքրությունը դարձյալ կնվազի…
– Պարոն Մարկով, ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան կարգավորման գործընթացի ներկա փուլը, մասնավորապես Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները ո՞ր փուլում են` ձեր կարծիքով: Միջնորդ պետությունները անվերջ նախաձեռնություններով են հանդես գալիս, բայց տպավորություն է ստեղծվում, որ կարգավորման գործընթացը անորոշ փուլում է:
– Ղարաբաղյան կարգավորման գործընթացում անորոշությունը կապված է որոշ գործոնների հետ… Նախևառաջ, գոյություն ունի ստատուս քվոն, որից շահում է Հայաստանը, միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է փոխել իրավիճակը իր օգտին, իսկ կարգավորումը բոլոր դեպքերում ենթադրում է քայլեր նաև Ադրբեջանի օգտին… Դրան կնպաստի այն հանգամանքը, որ Ադրբեջանը անընդհատ հզորանում է, և հզորանում է նրա մշտական դաշնակիցը՝ Թուրքիան, իսկ այս հզորացումը պահանջում է քաղաքական ամրագրում ղարաբաղյան կարգավորման գործընթացի առաջընթացի հարցում…
Մինչդեռ Ադրբեջանն այսօր ձախողակ է, քանի որ առանցքային պետությունների, միջնորդական առաքելության առանցքային սուբյեկտների՝ Միացյալ Նահանգների, Եվրամիության և Ռուսաստանի վրա մեծ է հայկական սփյուռքի ազդեցությունը… Բացի այդ, Ռուսաստանի պարագայում առկա է նաև հայաստանյան իշխանությունների իմաստուն որոշումը՝ ռազմավարական շահերը Ռուսաստանի հետ, որը Ռուսաստանին առավելապես հայկական կողմի փաստարկներին ականջալուր լինել է պարտադրում… Նույն իրավիճակն է Եվրամիության պարագայում. այստեղ արտաքին քաղաքականության հարցում առաջատար երկիր է Ֆրանսիան, որտեղ շատ հզոր է հայկական սփյուռքը… Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա այստեղ էլ հայկական սփյուռքը բավական ազդեցիկ է… Այս իմաստով, ստեղծվում է այսպիսի իրավիճակ՝ մի կողմից հզորացող Ադրբեջան, բայց մյուս կողմից` արգելակված են նրա ձգտումները, ինչն էլ անորոշություն է ստեղծում… Գումարած՝ ուժի կիրառում Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որովհետև Ադրբեջանը հզորանում է աշխարհի ներդրումների հաշվին, իսկ ռազմական ուժի որևէ կիրառում կխափանի Ադրբեջանի հզորացումը… Ահա թե ինչու ենք մենք ականատես անորոշության պատկերի…
– Մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԳԱ-ում` նշեց. «Կողմերից յուրաքանչյուրի կողմից հակաօրինական ուժի կիրառման պարագայում ՌԴ-ն պատրաստ է ձեռնարկել բոլոր միջոցները՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»… Ի՞նչ էր ակնարկում ՌԴ ԱԳ նախարարը, պարոն Մարկով:
– Կարծում եմ՝ Ռուսաստանը հավատարիմ է մնում հետևյալ սկզբունքին` բոլոր խնդիրները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ռազմական…
– Իսկ Լավրովի հայտարարությունը նաև ակնա՞րկ չէ, որ անգամ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ամեն ինչ կախված է լինելու դարձյալ Ռուսաստանից:
– Գիտեք, ամեն ինչ, իհարկե, Ռուսաստանից կախված չի լինելու, սակայն Ռուսաստանից կախված է լինելու շատ բան… Բացի այդ, զինամթերք կմատակարարվի այն կողմին, որը խաղաղություն կպահպանի…











































