«ՀԺ»-ն գրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է դեռևս 2008թ.–ի դեկտեմբերին թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության ներկայացրած դիմումը՝ 2008թ.–ի Մարտի 1–ին Ռոբերտ Քոչարյանի ստորագրած արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակող դրույթի դեմ։
Այս գործով Եվրադատարանում «ՀԺ»-ի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Աթանեսյանը երեկ ԵԴ–ից նյութեր է ստացել, որոնցից պարզ է դառնում, որ ԵԴ–ն «Դարեսկիզբ» ՍՊԸ–ի դիմումը կոմունիկացնելու մասին որոշումը կայացրել է հոկտեմբերի 7–ին և նույն օրն էլ ՀՀ կառավարությանն է ուղարկել 4 հարց։
«Դրանց պատասխանելու համար տրվել է մոտ երեք ամիս ժամանակ՝ մինչև եկող տարվա հունվարի 27–ը»։
Թերթը ԵԴ ներկայացրած այդ դիմումով խնդրել է ճանաչել իր՝ արտահայտվելու ազատության և արդար դատաքննության իրավունքների խախտման փաստը։ Թերթի արտահայտվելու ազատության իրավունքը սահմանափակվել է 2008թ.–ի մարտի 1–20–ը հայտարարված արտակարգ դրության օրերին լրատվամիջոցների գործունեությունը արգելելու արդյունքում։







































