Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքում գտնվող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարներին մերձակա գյուղերում սկսվել է տեղական բնակչության տարհանման գործընթաց։ Խոսքը Ղանդիլի ու Հաքուրքի շրջանների բնակչության մասին է։
Նշվում է, որ այս գործընթացը տեղի է ունեցել Թուրքիայի և Իրաքի ու Հյուսիային Իրաքի քրդական ինքնավարության միջև կայացած բանակցություններից հետո։ Այդ նպատակով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը կառուցել է 4 հատուկ ճամբարներ, որոնցում տեղավորելու են տարհանվածներին։ Ճամբարների կառուցման վրա ծախսվել է 42 միլիոն դոլար։
Քրդական ինքնավարության ղեկավարության նպատակը Թուրքիայի, Իրանի ու Իրաքի սահմանին ընկած քաղաքացիական բնակչությանը փրկելն է, քանի որ տվյալ շրջանում Իրանն իրականացնում է ցամաքային, իսկ Թուրքիան՝ օդային գործողություն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին թուրքական խորհրդարանը մեկ տարով երկարաձգեց անդրսահմանային օպերացիաների անցկացման ժամկետը, որը սպառվում էր հոկտեմբերի 17-ին։ Դրանով թուրքական բանակի առջև «կանաչ լույս» վառվեց՝ Հյուսիսային Իրաք ներխուժելու համար։












































