2006 թ. Կալիֆոռնիայի Բերքլի քաղաքում հիմնադված «Փարոս» հիմնադրամը հայտարարում է «Փարոս 100-ը հանուն 100-ի» խորագրով իր նախաձեռնության մեկնարկի մասին: Այդ նախաձեռնության շրջանակում իրականացվելու են 100 նախագծեր, որոնք կյանքի են կոչվելու հիմնականում սփյուռքահայության ու տեղի ՀԿ-ների օգնությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Փարոս» հիմնադրամի տնօրեն Փիթեր Աբաջյանը:
Նրա խոսքով` «Փարոսի» նպատակը ոչ միայն այն է, որ տեղի կազմակերպությունները գոյատևեն, այլև զարգանան ու բարգավաճեն:
«Նախեձեռնությունը նվիրված է Ցեղասպանության 100-ամյակին: Միգուցե զարմանալի թվա, որ հիմա ենք սկսում Ցեղասպանությանը նվիրված այս նախաձեռնությունը: Սա, թերևս, ոչ ավանդական մոտեցում է, սակայն սա այն եղանակն է, որով ուզում ենք, որ մեր հասարակությունը մոտենա այս գալիք տարելիցին»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով` «Փարոսն» իր ծրագրերն իականացնում է չորս ուղղությամբ` զարգացում, կրթություն, մշակույթ, մարդասիրական ոլորտներ:
«Փարոսի» կայքէջը, նրա խոսքով, կնպաստի նրան, որ ԱՄՆ-ում շատ մարդիկ կկարողանան օգնել այստեղի կազմակերպություններին: Հովանավորները կարող են ընտրել այն ոլորտը, որն իրենց հետաքրքիր է ու կարող են օգնլ նրանց, ում ուզում են: «Փարոսի» օգնությամբ երեք անգամ ֆինանսավորվել է Խարբերդի մանկատունը:
Փիթեր Աբաջյանը կոչ արեց տեղի ՀԿ-ներին, որ մասնակցեն այս նախաձեռնությանը: «Ոչ ավանդական, բայց պատշաճ կարգով ենք ուզում նշել Ցեղասպանության 100-ամյակը: Մեր ժողովուրդը ոգեկոչում է մեր զոհերին, սակայն սա անցյալը հիշելու ու այն արժևորելու մի տարբերակ է, որն իր ջանքերը դնում է ապրողների համար»,- նշեց Փ. Աբաջյանը:
Հայաստանում «Փարոսի» հետ համագործակցում են բազմաթիվ ՀԿ-ներ, որոնցից են «Ունիսոն» ՀԿ-ն, Վանաձորի Տիրգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը, «Մանանա» մանկապատանեկան մշակութային կենտրոնը, «Ղողանջ» մանկական կենտրոնը:












































