Ամենատարբեր երկրներ վերջին ժամանակներս հաճախ են հայտարարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլընտրանքային ձևաչափերի մասին, սակայն երբևէ այդպես էլ չեն բարձրաձայնում այդ առաջարկների բովանդակությունը. սա հիմք է տալիս ենթադրելու, որ կարգավորման նոր առաջարկներ առհասարակ չկան: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Էդգար Վարդանյանը` անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ իրանական կողմի հնչեցրած պատրաստակամությանը:
«Ամեն ինչից դատելով` կարելի է եզրակացնել, որ ղարաբաղյան հակամարտության լուծմանը միջնորդելու ցանկություն ունեցող երկրները, այդ թվում` Իրանը, այսկերպ նպատակ ունեն ընդամենը հիշեցնել տարածաշրջանում իրենց ներկայության և դերի մասին, ոչ ավելին»,- նկատեց փորձագետը` միաժամանակ հավելելով, որ նման հայտարարություններ հնչեցնող երկրներից ոչ մեկն իրականում հույս չունի, որ իր առաջարկները կընդունվեն:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը հոկտեմբերի 13-ին Կազանում հայտարարել էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանան, Իրանը պատրաստ է ղարաբաղյան վեճի լուծում առաջարկել:
Նա նշել էր, որ Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների և խորհրդատվությունների շարունակման օգտին և պատրաստ է օգնել լուծել Երևանի ու Բաքվի միջև տարածքային վեճը: Մեհմանփարասթը նաև ընդգծել էր, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում հավասարակշռություն պահպանելու համար կարող են նշանակալի դեր ունենալ:









































