Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն այսօր ՄԱԿ-ի կողմից հայտարարված Աղքատության դեմ պայքարի օրվան նվիրված իր ուղերձում հայտարարել է, որ պարենմթերքը չի կարող սովորական ապրանք համարվել և դառնալ շահարկման առարկա:
Պապը նշել է, որ «մեր շատ եղբայրներ և քույրեր զրկված են հացից»: Աֆրիկայում մարդիկ սովամահ են լինում, նրանք կարիք ունեն ինչպես անհապաղ, շտապ, այնպես էլ երկարաժամկետ օգնության: Անհրաժեշտ է այնպես կազմակերպել միջազգային ջանքերը, որ այդ օգնությունը ուղարկվի մշտապես, և ոչ թե արտակարգ իրավիճակների դեպքում:
«Ժամանակն է վերջ դնել եսասիրությամբ և տեղի շահերով թելադրված քաղաքականությանը և առաջնորդվել յուրաքանչյուր մարդու սրտում եղած արժեքներով` այլոց նկատմամբ կարեկցությամբ և մարդասիրությամբ, զորակցությամբ և արդարությամբ »,- ասված է Պապի ուղերձում:





































