Ս/թ հոկտեմբերի 15-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևորականների մասնակցությամբ վերօծվեց Արմավիրի թեմի Մրգաշատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որին ներկա էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանը, ԱԺ պատգամավոր Ն. Գևորգյանը, Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը, հարևան համայնքի բնակիչներ, շատ ու շատ հյուրեր, որնց թվում էր նաև ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, ով նույնպես եկել էր մրգաշատցիների ուրախությունը կիսելու:
Միասնական Տերունական աղոթքից հետո, ըստ ծիսակարգի Սրբազան հայրը ծնկաչոք «Բաց մեզ Տեր» շարականի երգեցողության ներքո երեք անգամ թակեց եկեղեցու դուռը` Երկնային Տիրոջը խնդրելով բացել ողորմածության դուռը, որից հետո նախ հոգևոր դասը, հետո ներկա հավատացյալները ոտք դրեցին Աստծո տուն, ուր տեղի ոնեցավ եկեղեցու Սուրբ Սեղանի, 16 սյուների և մկրտության Սուրբ ավազանի օծման արարողակարգը:
Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է մատուռի վրա, որի շինարարությունը սկսվել էր 1865թ., իսկ առաջին օծումը կատարվել էր 1903թ.: Եկեղեցու երկարությունը 33 մ է, իսկ լայնությունը` 17 մ: Ինչպես շատ եկեղեցիներ, այս մեկը նույնպես արժանացել էր ծանր տառապանքների` 1937թ. մինչև 1980թ. ծառայել էր որպես ցորենի պահեստ: Գյուղի ժողովրդի համար շատ կարևոր սրբատեղի է եղել Սբ. Աստվածածին եկեղեցին: Նրանք այդ ընթացքում հավատով սպասել են և եկեղեցու արևելյան կողմում գտնվող խաչի մոտ աղոթել, որ մի գեղեցիկ օր կվերաբացվի իրենց սիրելի եկեղեցին:
2007թ. մեծ ուրախություն ապրեց գյուղը, երբ Աստծո կամքով Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի միջնորդությամբ` բարերարներ Տեր և Տիկին Մազմանյանների աջակցությամբ սկսվեց եկեղեցու վերանորոգումը: Այնուհետև եկեղեցու վերանորոգման աշխատանքներին աջակցեցին Խլղաթյան եղբայրները, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը, Կարեն Մրկրչյանը, տասնյակ մտահոգ հավատացյալներ իրենց փոքրիկ ներդրումներն են ունեցել և ի վերջո մեծ էր նպաստը համայնքապետ Գևորգ Դանիելյանի, ում ազնիվ աջակցությամբ և գործնական քայլերի արդյունքում վերաբացվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Մինչ եկեղեցու վերաբացվելը, համայնքում ակտիվ են եղել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հավատացյալները, այցելու հոգևորականի կողմից խարխլված եկեղեցում մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ, կազմակերպվել ուխտագնացություններ: Մրգաշատ համայնքում 2011թ. հունվարից Մայր Աթոռի կողմից նշանակված Տ. Մարկոս քհն. Մանգասարյանը կիրակի օրերին իր ծառայություն է բերում այս համայնքին: Նրա ծառայությունը մի նոր հոգևոր շունչ է հաղորդել համայնքի թե′ երիտասարդներին և թե′ տարեցներին:
Սրբազան հայրը վերաօծման արարողակարգից հետո իր օրհնության և գոհունակության խոսքն ասաց բոլոր բարերարներին և հավատավոր ժողովրդին մաղթեց, որ Երկնային Տիրոջը և Հայ Առաքելական մեր Սուրբ եկեղեցուն հավատարիմ մնան ու շարունակեն աղոթել` այսուհետ, ո′չ թե եկեղեցու պատերից դուրս` այլ եկեղեցու կամարների ներքո, քանի որ օրվա խորհուրդն է վկան, որ երբեք զուր չեն մարդկային անկեղծ աղոթքներն առ Աստված:
Եկեղեցու վերաօծումից հետո Սրբազան հայրը մոտեցավ գյուղի կենտրոնում գյուղացիների կողմից պատրաստված բերքառատ սեղաններն օրհնելու և շնորհավորեց նաև Մրգաշատ համայնքի բնակիչներին բերքի տոնի առիթով, որը մրգաշատցիները անվանում են «մաճառի» տոն և 2002 թ-ից յուրաքանչյուր տարի մեծ շուքով համագյուղական տոն են կազմակերպում, հյուրասիրում բոլորին` հարիսա և իհարկե մաճառով լի բաժակներով բարին մաղթում:












































