Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կազմակերպվել էր «Աղքատությունը` անկախության 20 տարիներից հետո» թեմայով լուսանկարների ցուցահանդես` նվիրված Աղքատության վերացման միջազգային օրվան: Ցուցահանդեսը կազմակերպել են Օքսֆամը, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչությունը և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան նշեց, որ հոկտեմբերի 17-ը հնարավորություն է ընձեռում իրազեկ լինել աղքատության մեջ գտնվող մարդկանց ջանքերին ու պայքարին և բարձրաձայնել վերջիններիս խնդիրների մասին: Նրա խոսքով` Հայաստանում աղքատությունը դեռ 2009 թվականին գերազանցել է 30 տոկոսը, ծայրահեղ աղքատ է բնակչության 3,6 տոկոսը:
Հիմնական մարտահրավերներն են տնտեսական ճգնաժամը, կլիմայական փոփոխությունները, սննդի և էներգիայի աճող ծախսերը, ինչպես նաև բնական աղետների հետևանքները: Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը նշեց, որ «աղքատությունը անհավասարության հետևանք է, հաղթահարելով անհավասարությունը` մենք կկարողանանք հաղթահարել աղքատությունը»:
Ցուցադրված ֆոտոշարքը ներկայացնում էր գյուղական հեռավոր մարզերի բնակիչներին, որոնք աջակցություն են ստացել բարեգործական և այլ ծրագրերով:












































