Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը նախքան բժշկական հետազոտություն անցնելու համար Կուբա մեկնելը, հրաման է տվել օգնություն ցուցաբերել Նիկարագուային, Սալվադորին և Գվատեմալային, որոնք մեծ վնասներ են կրել արևադարձային փոթորիկի պատճառով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Երկրի ղեկավարը կառավարությանը կարգադրել է նախապատրաստել և Կենտրոնական Ամերիկայի երկրներին ուղարկել սննդի, ջրի, դեղորայքի և հագուստի անհրաժեշտ պաշարներ:
Նիկարագուայի կառավարությունը հայտարարել է տագնապ՝ երկրի 17 վարչական շրջաններից 12-ում: Վերջին տվյալների համաձայն` երկրում չդադարող անձրևներից առաջացած ջրհեղեղների պատճառով մահացել է 27 մարդ:
Սալվադորի նախագահն էլ իր հերթին ուրբաթ օրը երկրում հայտարարել է արտակարգ դրություն: Մահացածների թիվը վեցն է, երեքը անհետ կորած են, մոտավորապես 15.000 ընտանիք վնասներ է կրել:
Գվատեմալայում բնական աղետից մահացել է 22 մարդ, վնասներ է կրել 95.000-ը, որից 4.300-ը մնացել են առանց տանիքի և դեղորայքի:











































