«Շատ հետաքրքիր կլինի լսել, թե որոնք են լինելու այդ նոր առաջարկները և ինչքանով են դրանք համահունչ այն դիրքորոշումներին, որոնք ոչ միայն ներկայումս, այլ բավականին երկար ժամանակ ներկայացնում են կողմերը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում խոսելով ԱՄՆ կողմից ԼՂ հարցում նոր առաջարկներ ներկայացնելու հավանականության մասին՝ ասաց ԱՊՀ-ի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Հիշեցնենք, որ վաղը մեկնարկում է ԱՄՆ փոխպետքարտուղար Վիլյամ Բըրնսի տարածաշրջանային այցը, և նշվում է, որ շատ հնարավոր է՝ Բըրնսն իր հետ բերում է նոր առաջարկներ կապված ԼՂ հարցի կարգավորման հետ:
Մարկարովի դիտարկմամբ` ինչքան էլ հետաքրքիր, իդեալիստական կամ էլ ուտոպիստական առաջարկներ ներկայացվեն, միևնույն է՝ այդ փաստաթուղթը ստորագրում են ոչ թե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը կամ ԵՄ ներկայացուցիչը, այլ փաստաթղթի տակ առաջին հերթին պետք է դրվեն կողմերի ստորագրությունները. «Ցանկացած փաստաթուղթ, որը ստորագրվում է, պետք է լինի նաև ռեալիստական, քանզի այն վերաբերում է կոնկրետ մարդկանց՝ կոնկրետ տարածքում ապրող, ոչ թե ինչ-որ վերացական»:
Քաղաքագետը նկատեց, որ նոր առաջարկի մասին խոսելիս պետք է նաև հաշվի առնվի մի հանգամանք, թե այդ առաջարկները լինելու են նո՞ր բովանդակությամբ, թե՞ տակտիկական առումով նոր. «Տակտիկական առումով նոր առաջարկները հնարավոր են, ռազմավարական, բովանդակային տեսանկյունից նոր առաջարկները, որոնք հաշվի չեն առնում հիմնարար սկզբունքները, բնական է, որ անընդունելի են լինելու: Ինչպես ասում են, սատանան մանրուքների մեջ է, և եթե այդ նոր առաջարկներում մանրուքների, ռազմավարության, «ճանապարհային քարտեզի» մեջ լինեն առաջարկներ, որոնք կառուցողական են և երկկողմանի ընդունելի, ապա դրանք ողջունելի են»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչքանո՞վ է հավանական, որ առաջիկայում ԱՄՆ կողմից էլ կազմակերպվի Ս.Սարգսյան-Ի.Ալիև հանդիպում, Մարկարովը նշեց, որ վերջին հանդիպումների փորձը, որի նախաձեռնողն է եղել Ռուսաստանը, ցույց է տվել, որ ադրբեջանական կողմի մոտ բացակայում է քաղաքական կամք իր ստորագրությունը փաստաթղթի տակ դնելու համար:
«Եթե հանդիպման նպատակն է լինելու ևս մեկ անգամ քննարկել կողմերի դիրքորոշումները, համոզվել այն անհամաձայնությունների մեջ, որոնք կան կողմերի դիրքորոշումների միջև և ունենալ բանակցությունների ևս մեկ փուլ, իհարկե, դրական է, և տվյալ պարագայում կարևոր չէ, թե ՄԽ համանախագահներից ով է կազմակերպում դա, այլ կարևորն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է»,- պարզաբանեց Մարկարովը և հավելեց, որ կարևոր հանգամանք է նաև, որ բանակցային գործընթացի ժամանակ ևս մեկ անգամ նշվի, որ հարցի կարգավորումը ոչ խաղաղ ճանապարհով անընդունելի է:











































