Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը վերջերս հայտարարել էր, թե տարեվերջին կհրապարակի, թե որ քաղաքական ուժը ինչ արջի ծառայություն է մատուցել գյուղատնտեսությանը:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում նա հայտնեց, որ խոսքը միայն մեկ քաղաքական ուժի մասին է, բայց խոստացավ այդ ուժի անունը հրապարակել հունվարին. «Հունվարին կհայտարարեմ՝ ընտրություններից առաջ, որ այդ քաղաքական ուժին ջնջեմ»:
Նրա խոսքով՝ էական չէ, թե այդ ուժն իշխանական, թե ընդդիմադիր թևից է. «Կարևորն այն է, որ ով գյուղացուն դեմ է՝ մեր թշնամին է, ով գյուղացուն այս վիճակին է հասցրել՝ մեր թշնամին է, ով նույնիսկ տեղյակ չի, որ այսօր պարարտանյութը 15 հազար դրամ արժի ու զարմացած, աչքերը չռած ասում է՝ «Ի՞նչ պրոբլեմ կա»՝ մեր թշնամին է»:
Միաժամանակ, Հ.Բերբերյանը դրվատեց ցորենի էլիտար սերմնացուի ներկրումը և այդ առումով Տիգրան ու Սերժ Սարգսյանների աշխատանքը՝ շեշտելով, որ «բերողը» միայն տեխնիկական աշխատանք է կատարել ու «հարսով փեսային լավություն պետք չի անել»:
Այն հարցին, թե դատելով, որ գոհ եք Տիգրան ու Սերժ Սարգսյանների աշխատանքից՝ կարելի՞ է ենթադրել, որ այդ ուժը ՀՀԿ-ն չի, Հ.Բերբերյանը պատասխանեց. «Ես կուսակցական ոճով չեմ նայում, այլ առանձին մարդու աշխատանքն եմ գնահատում: Ես էլ անկուսակցական եմ»:











































