Քչերին է հայտնի, որ թրաֆիքինգը աշխարհում համարվում է 21-րդ դարի ամենաշահավետ բիզնեսներից մեկը: Իր հերթին թրաֆիքինգը բաժանվում է չորս ճյուղերի` սեռական, աշխատանքային, մարմնի մասերի և երեխաների առևտրի: Ի դեպ, շատերը թրաֆիքինգը նույնացնում են մարմնավաճառության հետ, բայց իրականում սրանք տարբեր ոլորտներ են: Մարմնավաճառներն իրենք են ընտրում իրենց հաճախորդներին, որոշում քանի մարդու սպասարկեն, ըստ այդմ վարձատրվում իրենց մատուցած ծառայության դիմաց, բայց թրաֆիքինգի զոհերը զրկված են այդ հնարավորությունից:
Աշխարհում թրաֆիքինգի բիզնեսով զբաղվող երկրները բաժանվում են երեք խմբի` արտահանող, ընդունող և տարանցիկ` դեպի այն երկրներ, որտեղ մեր օրերի ստրուկները ժամանակավոր հաստատվում, ապա տեղափոխվում են այլ երկրներ: Հայաստանը դասվում է արտահանող երկրների շարքին` մոնիտորինգի 2-րդ խմբում: Այս ցուցանիշը պահպանվելու դեպքում, մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կզրկվի Եվրոպայի և ԱՄՆ կողմից թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ֆինանսական օգնությունից: 2004թ. սկսած դատախազությունն այս ուղղությամբ զուտ ձևական քայլեր սկսեց ձեռնարկել միայն այն պատճառով, որ միջազգային դոնորների աջակցությունից չզրկվի: Ինչևէ, վերջին մեկ տարվա կտրվածքով Հայաստանում թրաֆիքինգի դեպքերը չեն ավելացել` այն պարզ պատճառով, որ հանցախմբերն ավելի խորամանկ են սկսել գործել:
Հայաստանի թրաֆիքինգի կազմակերպիչներից շատերը որպես շարքային կավատներ պատիժ են կրում ՔԿՀ-ներում: Չնայած նրան, որ դեռ 2009թ.-ից ուժի մեջ մտած համապատասխան հոդվածը թրաֆիքինգի կազմակերպչի համար նախատեսում է 6-10 տարվա ազատազրկում, բայց իրավապահ մարմինները համապատասխան վճարի դիմաց վերջիններիս ձևակերպում են որպես կավատ և արդյունքում հազարավոր կանանց ճակատագրեր խորտակած անձը դատապարտվում է ընդամենը 2 տարվա ազատազրկման, ինչպես եղավ 2004թ.-ին դատապարտված կավատի դեպքում, ով պատիժը կրելուց հետո շարունակում է իր նախկին զբաղմունքը:
Նման մեղմ պատիժների պատճառներից մեկն էլ այն է, որ իրականում մարդկանց առևտրի հետևում բարձր պաշտոններ զբաղեցնող անհատներն են կանգնած: Օրինակ` ԱՄՆ Պետդեպարտամենտի 2004թ. ամենամյա և 2005թ. միջանկյալ զեկույցներում Հայաստանի վերաբերյալ մեղադրանքներ կան այն մասին, որ իրավապահ մարմինները ներգրավված են թրաֆիքինգի մեջ, սակայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Պետքարտուղարության խորհրդական Ջոն Միլլերի խոսքերով` իրենք ապացույցներ չեն կարող ներկայացնել համապատասխան մարմիններին, քանի որ իրենց համար հիմք են հանդիսացել միայն ԶԼՄ-ների հրապարակումները և զոհերի պնդումները:
Բարեբախտաբար, Հայաստանում կան հ/կ-ներ, որոնք ֆինանսավորվում են միջազգային դոնորների կողմից և փրկում ստրկացման դատապարտված շատերին, որոնցից մեկն էլ «Հույս և օգնություն» հ/կ-ն է, որի միջոցով բազմաթիվ կանայք են փրկվել ստրկուհու կարգավիճակում հայտնվելուց և վերադարձվել հայրենիք:
Նշենք նաև, որ սեռական շահագործման նպատակով Հայաստանից կանայք արտահանվում են հիմնականում Թուրքիա և Էմիրություններ: Հայաստանում մարդկանց վաճառքը կազմակերպող հանցախմբերին անվանում են թրաֆիքինգյորներ կամ կավատներ: Սեռական շահագործման համար նրանք հիմնականում որսում են 16-35 տարեկան, ծանր կացության մեջ հայտնված կանանց և աղջիկների: Ճանապարհածախսը հոգում են հավաքագրողները, այնուհետև նրանց անվճար շահագործում` խոստանալով պարտքերը մարելուց հետո նոր ազատություն տալ: Ի դեպ, Էմիրություններում մինչև 30 տարեկանների մուտքն արգելված է, այդ պատճառով Հայաստանից աղջիկներն այնտեղ են հասնում կեղծ անձնագրերով:
«Հույս և Օգնություն» հ/կ-ի ավագ մասնագետ Նորա Մնացականյանն ասում է, որ թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելուց հետո նրանց ապաստան են տրամադրում, ուսման, աշխատանքի տեղավորում, բայց շատերը շարունակում են անբարո կյանքի ճանապարհը: Իսկ թրաֆիքինգի նախկին զոհերից շատերն օգտագործելով իրենց փորձը` համալրում են կավատների թիվը:







































