Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ ֆինանսավորմամբ Բաքվում կառուցվելու է ուրբաթօրյա մզկիթ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում գտնվող Թուրքիայի կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզը։
Վերջինս Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Այսօր մենք հանդիպում ունեցանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով տվեց իր համաձայնությունը՝ Բաքվի բարձրադիր վայրում ուրբաթօրյա մզկիթ կառուցելու վերաբերյալ»։
Գյորմեզը հավելել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են է՛լ ավելի զարգացնել իրենց քաղաքական, տնտեսական ու առևտրային հարաբերությունները։
Գյորմեզն ու Փաշազադեն պայմանավորվել են ջանքեր չխնայել երկու երկրների կրոնական կառույցների միջև հարաբերությունների զարգացման համար։
Հիշեցնենք, որ Գյորմեզի ադրբեջանական այցը կայանում է Փաշազադեի հրավերի հիման վրա։







































