Շվեյցարիան շարունակում է հավատարիմ մնալ Հայ-թուրքական արձանագրություններին: Իրականում դա շատ կարևոր մի դեր է, քանի որ այս երկրի ԱԳՆ որոշ բաժիններ մեծ փորձառություն ունեն միջազգային հակամարտությունների հաշտեցման մեջ: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը:
Նա նշեց, որ Հայաստանը ունի բոլոր հնարավորությունները Թուրքիայի դեմ փոխհատուցման խնդիր դնել և ճշգրիտ իրավական քայլերի դեպքում հաջողության հասնելու լուրջ հնարավորություններ կան: «Խնդիրը հայաստանյան իշխանությունների առջև է դրված: Ինչո՞ւ չեն ուզում այդ ուղղությամբ շարժվել: Օրինակ՝ չեն կարողանում մոռանալ, թե ինչպես Իսրայելը կարողացավ Գերմանիայից հսկայական փոխհատուցում ստանալ:
Պետք է պարզապես իմանալ, թե ինչ ենք ուզում մենք` իբրև հայ ազգ: Խոսքը գնում է ոչ միայն Հայաստան պետության մասին: Այստեղ շատ մեծ կարևորություն ունի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ճիշտ զարգացումը: Պատահական չէր, որ ես մերժեցի Սփյուռքի նախարարության հրավերը` մասնակցելու այս տարվա` սեպտեմբերի 19-20-ի խորհրդաժողովին: Գերագույն պատճառն այն էր, որ Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված օրակարգը շատ մակերեսային ձևով էր դրվել: Ի՞նչ կերպ կարող ենք ազդել բանակցությունների վրա, ո՞ր գործոններն են, որ կարող են ազդել: Ահա այս հարցերը պիտի բարձրաձայնեի խորհրդաժողովի ժամանակ»,- ասաց Շահինյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի դերին` նա նկատեց, որ դա հնարավոր է սահմանել միայն Եղեռնի ոլորտում, բացահայտել և քննարկել արխիվային նյութերը: «Մենք դեռ շատ պանիր-հաց պիտի ուտենք, որ հասնենք թուրքական դիվանագիտության աստիճանին»,- ամփոփեց Սարգիս Շահինյանը:












































