Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների ընդհանուր վերլուծությունը` վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչության պետը զեկուցել է, որ արձանագրված ցուցանիշները նախորդ ամսվա համեմատ հիմնականում չեն փոխվել։ Դրական աճի միտում է արձանագրվել միայն 3 վարչական շրջանների կատարած աշխատանքների մասով։
Զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում դեռևս ցածր է ֆինանսական և սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը։ Փոխարենը դրական միտում ունի աղբահանության ցուցանիշը։
Ամփոփելով ներկայացված արդյունքները՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անթույլատրելի է համարել բացթողումներն ու հանձնարարել արմատապես փոխել մոտեցումները աշխատանքային պարտականությունների կատարման ուղղությամբ. «Համարժեք գնահատականի պետք է արժանանա թե՛ լավ, թե՛ վատ աշխատանքը»,– նշել է քաղաքապետը։
Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը ապօրինաշինությունների և հողազավթումների դեմ պայքարի, ինչպես նաև պարտադիր պարեկարգման պայմանագրերի կնքման և դրանց կատարման ուղղությամբ։ Միաժամանակ հանձնարարվել է շարունակել վերահսկողությունը հանրային սննդի օբյեկտներում ծխողների համար առանձին տարածքներ ապահովելու ուղղությամբ։











































