«Ցնցումների ժամանակները վաղուց անցել են»,- խոսելով ներքաղաքական զարգացումներից` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, Հարությունյանը նշեց, որ Քոչարյանի հայտարարությունը նրա անձնական գործն է, և նրա վերադարձը իր սեփական որոշումն է, իր սահմանադրական իրավունքը, ոչ թե Հարությունյանի որոշելիք հարցը. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը երկարատև դադարից հետո վերադարձել է, ապա Քոչարյանն էլ բարոյական իրավունք ունի վերադառնալու»:
Հարությունյանը նկատեց, որ Քոչարյանի վերադարձի պարագայում առավել շահեկան դիրքում կգտնվի հենց Քոչարյանը, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը` հաշվի առնելով Քոչարյանի կառավարման տարիների հաջողությունները:
Համլետ Հարությունյանը նաև պատասխանեց շուրջօրյա հանրահավաքների ժամանակ փակված զուգարանների մասին հարցին` նշելով, որ դա անլուրջ է և քաղաքական հարց չէ:
Նա ասաց, որ իշխանությունը չի միջամտում ՀԱԿ-ի մարտավարությանը, և նրանց գործն է շուրջօրյա՞ հանրահավաքներ կանեն, թե՞ կեսօրյա:
Հարությունյանը նշեց, որ նախընտրական շրջանն արդեն սկսվել է, և կշահեն այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք ստեղծագործաբար կմոտենան նախընտրական տեխնոլոգիաներին. «Զուտ նստացույցերով կամ դասախոսություններով նախընտրական շրջանում առավելության հասնել հնարավոր չէ»:
Հարցին, թե ՀՀԿ-ն կաջակցի՞ Ռոբերտ Քոչարյանին, Հարությունյանը պատասխանեց. «Աքսիոմատիկ հարց եք տալիս, եթե ՀՀԿ անդամը գնում է ու քվեարկում այլ թեկնածուի օգտին,ապա դա դավաճանություն է, քանզի ՀՀԿ-ն ունի առաջնորդ, ո՞նց եք ՀՀԿ խորհրդի անդամին նման հարց տալիսլ: Դուք վիրավորում եք մարդուն, երբ կասկածում եք, որ ՀՀԿ խորհրդի անդամը կարող է դավաճանել իր առաջնորդին»:
Նկատենք, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ շատ ու շատ ՀՀԿ-ականների ինքն է «մարդ դարձրել», և լրագրողները Համլետ Հարությունյանից փորձեցին ճշտել, թե այդ որ ՀՀԿ-ականների մասին է խոսքը: Հարությունյանը նշեց, որ այդ խոսքերը ոչ բոլորին են վերաբերում, բայց Քոչարյանն ասել է պարզ ճշմարտություն, քանզի իր օրոք շատ մարդիկ, ովքեր այժմ ՀՀԿ անդամ են, մեծ առաջընթաց են ունեցել: