Apple ընկերությունը մտադիր է թողարկել iPad պլանշետի բյուջետային տարբերակը: Այս մասին հաղորդում է AppleInsider բլոգը` հղում անելով Բրայան Ուայթին` Ticonderoga Securities ընկերության վերլուծաբանին:
iPad mini կոչվող պլանշետի մասին Ուայթն իմացել է Չինաստան և Թայվան կատարած այցելության ժամանակ, որտեղ նա հանդիպում է ունեցել Apple ընկերության սարքավորումների համար բաղադրիչներ արտադրողների հետ: Վերլուծաբանի խոսքերով՝ ընկերությունը սարքավորումը կներկայացնի 2012 թվականին:
iPad mini-ի մանրամասները Ուայթը չի հրապարակել, բայց նշել է, որ mini բառի տակ հասկացվում է ցածր գինը, այլ ոչ թե փոքր էկրանը: Նա համոզված է, որ այն կմրցակցի Amazon Fire պլանշետի հետ, և գինը կհասնի մոտ 200 դոլարի:
Պետք է նշել, որ Ուայթը երբեմն սխալվում է իր կանխատեսումների մեջ: Այսպես , օգոստոսին նա հայտարարեց, որ ընկերությունն աշնանը կներկայացնի iPhone 5-ը և iPhone 4-ի բյուջետային տարբերակը, բայց դրա փոխարեն հոկտեմբերի 4-ին Apple-ը ցուցադրեց iPhone 4S սմարթֆոնը, որի գինը չի գերազանցում նախորդ մոդելի գնին:
Հիշեցնենք, որ iPad պլանշետի առաջին սերունդը թողարկվել է 2010 թվականին: 2011 թվականի գարնանը դուրս է եկել iPad 2-ը: Երկու տարվա մեջ Apple ընկերությունը վաճառել է ավելի քան 28 միլիոն պլանշետ:







































