«Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդում նման հարց չի քննարկվել, և ես չեմ կարող ասել, թե Լևոն Զուրաբյանն ում տեսակետն է հայտնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի դիտարկմանը՝ «թե կհաջողվի աշնանը հասնել մեր նպատակին, կհասնենք: Եթե չէ` ուրեմն ամբողջ գործընթացը մենք կօգտագործենք, այդ թվում` եթե գործը հասնի հերթական ընտրությունների, արդեն հերթական ընտրությունները կօգտագործենք Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու նպատակով», կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:
Նա նշեց, որ, իր անձնական կարծիքով, ՀԱԿ-ը շատ բարդագույն իրավիճակում կհայտնվի հերթական ընտրության հասնելու պարագայում, որովհետև 4 տարի շարունակ ասել են՝ արտահերթ ընտրություններ, իսկ հիմա հասնում են հերթականի հանգրվանին: Ավելին, ըստ Մակեյանի՝ իշխանական ընտրակեղծարարների բուրգը յուրաքանչյուր ընտրություններից հետո ավելի կատարելագործվում է և այս ընտրություններում էլ նոր կեղծիքներ իրականացնելու հմտություններով հանդես կգա:
«Հերթական ընտրությունների գնալու պարագայում մեր հասարակությունը կհիասթափվի Կոնգրեսից»,- նկատեց Մակեյանը և հավելեց, թե այն ռեսուրսները, որոնք պետք է օգտագործվեն հերթական ընտրությունների ժամանակ, կարելի է օգտագործել այժմ` գործընթացները արտահերթ ընտրությունների հանգեցնելու համար: Որպես միջոց՝ Մակեյանը առաջարկեց շուրջօրյա անժամկետ հանրահավաքները. «Մի բան հստակ է, որ եթե մենք հասնում ենք հերթական ընտրությունների, ապա պետք է որոշում կայացնել, թե կոնկրետ ինչ պետք է անել, բայց մինչև հերթական ընտրություններին հասնելը մենք լուրջ անելիքներ ունենք, և հնարավորությունները բավական մեծ են արտահերթի հասնելու համար: Կոնգրեսը հենց այդ մասին պետք է այսօր մտածի»:











































