Մոլդովայում՝ Քիշնևից մոտ 40 կմ հեռու գտնվող Գուրա-Բիկուլույ գյուղի մոտ, հնագետները հայտնաբերել են ավելի քան 2000 տարվա սկյութական դամբարան։ Գտածոն հայտնաբերվել է Գուրա-Բիկուլույ 13 նեկրոպոլիսի պեղումների ընթացքում։ Պատմական գիտությունների դոկտոր Վիտալի Սինիկայի խոսքով՝ սա մ.թ.ա. III-II դարերի առաջին սկյութական գերեզմանոցն է Դնեստր գետի աջ ափին։ Մինչ այժմ նման հուշարձաններ հայտնաբերվել էին միայն Ստորին Դանուբի և Ստորին Դնեստրի ձախափնյա տարածքներում։
Այնտեղ հայտնաբերվել են մարդու մնացորդներ, կերամիկական անոթներ, ուլունքներ, պատյանով փոքր դանակ, ինչպես նաև մշակված և փայլեցված քար, որը մասնագետների կարծիքով կարող էր ծառայել որպես զոհասեղան։ Ամենաարժեքավոր գտածոն համարվում է սկյութական ցեղերին բնորոշ խնկաման, որը թվագրվում է մ.թ.ա. III դարով։ Մոլդովայի ազգային հնագիտական գործակալության տնօրեն Վլադ Վորնիկի խոսքով՝ սա եզակի հայտնագործություն է երկրի հնագիտական ժառանգության համար և կդառնա Ազգային պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշներից մեկը։











































