Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի կապակցությամբ Պեկինում կազմակերպված պետական ճաշի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն աշխարհում ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են, ուստի հարկավոր է հետևողական լինել դրանք չվատացնելու հարցում։ Այս մասին Պեկինից հաղորդում է CNN-ի թղթակիցը։
«Այսօր ես և նախագահ Թրամփը խորքային քննարկում ունեցանք Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Երկուսս էլ հավատացած ենք, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են աշխարհում։ Մենք պետք է անենք ամեն բան, որ հարաբերությունները լավ լինեն ու երբեք չփչացնենք դրանք»,- հայտարարել է Ծինփինը։
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ միայն շահելու են համագործակցությունից և տանուլ տան առճակատման պարագայում։ Ծինփինը նշել է, որ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև փոխադարձ հարգանքն առանցքային է այն հարցում, թե արդյոք «հարաբերությունները կարող են առաջ գնալ կայուն կերպով»։
«Աշխարհը փոխվում է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ չին-ամերիկյան հարաբերություններն ազդում են ոչ միայն երկու երկրների, այլև ողջ մոլորակի 8 մլրդ բնակչության վրա։








































