Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում գործարքներ ընդհանրապես չեն եղել: Ինչպես «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտնեց FOREX Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, բոլոր մասնակիցները սպասում էին տոկոսադրույքների վերաբերյալ ԿԲ խորհրդի այսօրվա նիստի արդյունքներին:
Ըստ Մ.Վերդյանի՝ մասնակիցները սպասում են, որ դրամը կշարունակի դևալվացիան, որովհետև առաջարկի մակարդակը բորսայում այսօր կազմել է 377, չնայած պահանջարկը եղել է 376.26. «Այդ կոնտեքստում, կարծում ենք, որ մասնակիցները սպասումներ ունեն, որ դոլարը կարժևորվի դրամի նկատմամբ»:
Մասնագետի խոսքով՝ վերջին շրջանում ԿԲ միջամտության որևիցե մասնակցություն չի նկատվել. «Պատճառ չկա, որ նման հայտարարություն արվի: Ենթադրում ենք, որ վերջին անգամ հնարավոր միջամտությունը եղել է, երբ դրամը 375.95 մակարդակի շուրջ էր՝ սեպտեմբերի 9-13-ին, և ԿԲ-ն օգնել է ազգային արժույթին, որպեսզի ուժգին տեմպերով դևալվացիայի չենթարկվի»:











































