Ռուսական Regnum լրատվական գործակալությունը, վկայակոչելով MIGnews լրատվական պորտալին, հայտնում է, որ Սիրիայում քուրդ ակտիվիստները հայտարարել են սիրիական իշխանությունների դեմ զինված ապստամբություն սկսելու մասին։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սիրիացի զինվորականները Սիրիայի հյուսիս-արևելքում ընկած Քամիշլի քաղաքում սպանել են քրդական ընդդիմության առաջնորդներից Մաշալյա Ալ-Թամոյին։ Վերջինս սիրիական իշխանությունների ու նախագահ Բաշար Ալ-Ասադի կատաղի հակառակորդն էր։ Թամոն բանտից ազատ էր արձակվել այս տարեսկզբին։ Նրա սպանությունը քննադատել են բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ նաև ԱՄՆ-ը։
Լոնդոնում լույս տեսնող Ash-Shark Al-Ausat արաբալեզու թերթի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 8-ին՝ Թամոյի հուղարկավորության ժամանակ, քուրդ ակտիվիստները խոստացել են վրեժխնդիր լինել։
Նշվում է, որ Սիրիայի անվտանգության ուժերը կրակ են բացել հուղարկավորությանը մասնակցող տասնյակ հազարավոր սիրիական քրդերի ուղղությամբ, ինչի արդյունքում զոհվել է նվազագույնը 4 մարդ։ Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի տվյալներով՝ թաղման արարողությանը ներկա է գտնվել մոտ 50,000 մարդ։
Սպանված քուրդ առաջնորդի որդի Ֆարես Ալ-Թամոն, որը գտնվում է Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքում, Al-Jazeera հեռուստաալիքին հայտնել է, որ քրդերը զարմացած են. «Իմ հոր մահվան համար մեղավոր են սիրիական իշխանությունները։ Նրա արյունը թանկ է մեզ համար։ Նրանք չեն հանգստանա, մինչև այս ռեժիմը չտապալվի, իսկ Բաշար Ասադը՝ պատժվի»։
Հիշեցնենք, որ Սիրիայում ժողովրդական հուզումների մեկնարկից հետո թուրքական կողմը շարունակ մտահոգված էր այն բանից, որ Սիրիայի քրդերը կարող են ապստամբություն բարձրացնել և Իրանի, Իրաքի ու Թուրքիայի քրդերի հետ միասին առաջ քաշել միացյալ պետության պահանջ։ Դա կանխելու համար Թուրքիան պլանավորել է հենց Քամիշլիի շրջանում ստեղծել բուֆերային գոտի, որը սեպի դեր է խաղալու Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերի միջև։











































