Տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը, որը քննադատել էր կառավարության գործունեությունը արևային էներգետիկայի զարգացմանը խոչընդոտելու, «պասսիվ և հանցավոր անտարբերության» համար, այսօր կրկին հայտարարեց, որ իշխանությունների հետ խնդիրները շարունակվում են, և եթե լուծումներ չտրվեն, ստիպված է լինելու, գիտական մշակումներով հանդերձ, տեղափոխվել այլ երկիր:
«Նույնիսկ դատական ակտերով սպառնում են, թե ինչ փաստեր ունեք, որ քննադատում եք կառավարությանը: Կան շատ փաստեր, որ իշխանությունները շահագրգռված չեն հելիոֆիկացիայի զարգացմամբ»,- հայտարարեց գիտնականը` պարզաբանելով, որ արևային էներգետիկայի զարգացման արդյունքում կկրճատվեն գազի սպառման ծավալները, հոսանքի ծախսը կպակասի, ինչը վտանգավոր է նոր ԱԷԿ-ի շինարարության համար։ «Դա սխալ մոտեցում է: Արևային էներգետիկայի զարգացումը կխթանի տնտեսության զարգացմանը»:
Ըստ Վ. Համազասպյանի՝ այս ուղղությունը չեն թողնում զարգացնել «վերևից, բայց որ վերևից` պարզ չէ»: «Հարգելով վարչապետին, որպես գիտնական՝ չեմ կարող նրան ներել»,- հայտարարեց Վ. Համազասպյանը: Նա հայտնեց, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայումս փորձում է փակել ուսումնական պոլիգոնը, էներգետիկայի նախարարությունը «վաղաժամ» է անվանել արևային էներգետիկայի զարգացումը մեր երկրում, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը երկրի Էներգետիկ ռազմավարությունից հանել է արևային էներգիայի մասը` «զուտ անձնական վիրավորանքից դրդված»:
«Աճպարարություն են անում նախարարությունում՝ ասելով, թե չեն ուզում թանկ էներգիա վաճառել բնակչությանը: Ամբողջ աշխարհում արևային էներգետիկայի շուկան գնահատվում է 40 տրլն դոլար»,- ասաց Վ.Համազասպյանը:
Էկոնոմիկայի նախարարության ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահագն Հերունին տեղեկացրեց, որ կանգնեցված է իր հոր` Պարիս Հերունու առաջարկած «Արև» մոդելի շինարարությունը, այժմ իրենք փորձում են շարունակել այն, բայց նույն խնդրի առաջ են կանգնած. «Այսօր ամբողջ աշխարհը ձգտում է զարգացնել հելիոֆիկացիան, իսկ մեզ մոտ կանգ է: Սա ամբողջ աշխարհում բացառիկ պոտենցիալ ունեցող նախագիծ է` արևային էներգիայի 40%-ը փոխակերպում է էներգիայի: Խնդիրներ կան պետական աջացության և հիմնարկի կառավարության հետ: Հիմնարկի կառավարությունը նույնիկ Պարիս Հերունու անվան հետ է խաղում»:
Նրա խոսքով, նախագծի արժեքը շուրջ 1.5 մլն դոլար է, սակայն այժմ փորձում են իրենց ձեռքից խլել նույնիսկ կիսավարտ շինությունը:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ իշխանությունները կոնկրետ ինչո՞վ են խոչընդոտում ոլորտի զարգացմանը, և ի՞նչ կձեռնարկեն գիտնականները ընդառաջ քայլի բացակայության դեպքում, բանախոսները նշեցին, որ հարկավոր է սահմանել արևայի էներգիայի սակագին, կրթել մասնագետների, սահմանել անհրաժեշտ նորմեր և այլն: Վ. Համազասպյանը հայտարարեց, որ արդեն առաջարկներ ունի արտերկրից և, եթե կառավարությունը շարունակի նման քաղաքականությունը, կհեռանա երկրից: Վ. Հերունին նշեց, որ իրեն նույնպես հրավիրում են ԱՄՆ և Իսրայել:








































