«Ազգ»-ը գրում է.
«Դեռևս տարեսկզբին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, հղում անելով «մտավորական շրջանակներին», գրել էր, որ Բաքվում լրջորեն քննարկվում է հաջորդ ընտրություններին Մեհրիբան Ալիևային նախագահի թեկնածու առաջադրելու հավանականությունը: Ընդ որում, հայտնի էր դարձել, որ «գաղտնի հավաքներն» անցկացվում են հայտնի գրող Ռուստամ Իբրահիմբեկովի մերձքաղաքային ամառանոցում: Վերջինս հայտնի է Փաշաևների` Մեհրիբան Ալիևայի հայրական ընտանիքի հետ ունեցած սերտ կապերով, ինչի շնորհիվ էլ ԱԳՆ-ում առաջ է մղում քրոջ որդուն` Էլխան Փոլուխովին: Վերջինս, ի դեպ, նորերս պաշտոնի բարձրացում ունեցավ և նշանակվեց դեսպան:
Դատելով Մեհրիբան Ալիևայի եվրոպական տուրնեից, երբ նա այցելեց Ֆրանսիա և Գերմանիա և ունեցավ նաև պաշտոնական հանդիպումներ, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկացվածությունը, որն այդպես էլ որևէ աղբյուր չհերքեց, որոշակի հիմքեր ուներ: Պակասն էլ կարծես լրացրեց Ֆրանսիայի նախագահ Սարկոզին` Բաքվում Ադրբեջանի առաջին տիկնոջը պարգևատրելով «Պատվո լեգեոն» շքանշանով»,- ապա թերթը հավելում է.
«Անշուշտ, հնարավոր է, որ այդ պարգևն ընդամենը տուրք էր հավուր պատշաճությանն ու այն ձեռնարկումների հեռանկարին, որ Ֆրանսիան մտադիր է իրականացնել Ադրբեջանում: Այդուհանդերձ, չի կարելի բացառել նաև երևույթի զուտ քաղաքական ենթատեքստը: Մանավանդ, չնայած որոշակի զուսպ «անվստահությանը», որ արտահայտվեց ադրբեջանական մամուլում վերջին օրերին Ֆրանսիայի դերակատարության շուրջը, պաշտոնական Բաքուն Իլհամ Ալիևի աշխատակազմի պատասխանատուներից մեկի բերանով շտապեց ասել, որ «Սարկոզիի այցը կարագացնի ԼՂ խնդրի կարգավորումը»:
Իսկ դա ինչ-որ բան կարող է նշանակել»:









































