Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի կունենա արտոնված երթ` ընդդեմ Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների: Այս առնչությամբ «Առաջին լրատվականը» զրուցեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանի հետ, որը մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց, թե որքանով տեղյակ է` ստորագրահավաք կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է Արարատյան հայրապետական թեմին ու Հանրապետական կուսակցությանը:
«Այստեղից էլ կարելի է ենթադրել` որքանով է դա հասարակական նախաձեռնություն, որքանով՝ քաղաքական: բայց քանի որ այդտեղ Հանրապետական կուսակցությունը կա, պետք է փնտրել քաղաքական պատճառներ: Որքանով տեղյակ եմ, Հանրապետական կուսակցությանն այսօր հետաքրքրում է ընտրությունների հարցը»,- ասաց նա` հավելելով, որ տվյալ պարագայում հենց այս դաշտում պետք է որոնել նախաձեռնության պատճառները:
Նրա համոզմամբ` խնդիրը ոչ թե Եհովայի վկաներն են, այլ Եհովայի վկաներին օգտագործում են այլ խնդիրներ լուծելու համար:
«Այդ առումով մենք ակնհայտ տեսնում ենք Հանրապետականի և Գարեգին Բ կաթողիկոսի դաշինքը: Եվ այդ դաշինքը քաղաքական դաշինք է»,- նկատեց նա` տեղեկացնելով, որ Հանրապետականի երիտասարդական թեմն է հավաքել ստորագրությունները, այդ թվում`բուհերում:
Նրա խոսքով` թե որքանով քաղաքական հարցերով վերջիններս իրավունք ունեն մտնել բուհ ու ստորագրահավաք կազմակերպել, թող պատասխանի Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը, որն իր պաշտոնն օգտագործում է քաղաքական շահերի համար:
«Որքանով դրա իրավունք ունի կամ ոչ՝ պետք է որոնել Կրթության մասին օրենքում և որոշել` օրինակա՞ն , թե՞ անօրինական գործունեություն է դա»,- ասաց Ս. Դանիելյանը:







































