Ամերիկյան արտարժույթը շարունակում է մնալ հայաստանյան շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում՝ որպես ապաստարան-արտարժույթ: Forex Club-ի վերլուծաբանների կարծիքով՝ դա կապված է համաշխարհային բորսաներում ԱՄՆ դոլարի աճի և Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման ազդեցության հետ: Հունաստանում հնարավոր դեֆոլտը և պարտքային ճգնաժամի տարածումը եվրոգոտու այլ երկրների վրա նույնպես ավելացնում են Հայաստանում ամերիկյան արտարժույթի պահանջարկը:
Այս շաբաթվա ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դոլարն ունի բոլոր հնարավորությունները շարունակել իր աճը համաշխարհային շուկաներում պահպանվող անկայունության պայմաններում: Ամերիկյան արտարժույթի վերելքի շարունակմանը կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմից պահանջարկի ավելացումը, ովքեր վախենում են դրամի դևալվացիայից: Առևտրային բանկերի կողմից ներբանկային արժութային շուկայում արտասահմանյան արտարժույթի վաճառքի ծավալները նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են 59.24%-ով՝ կազմելով 15.256 մլն դրամ: Վերլուծաբանների կարծիքով՝ դոլարի արժեքի աճը կարող են զսպել միայն ԿԲ գործողությունները:
Բորսայի խաղացողների ուշադրության կենտրոնում այս շաբաթ կլինի նաև տոկոսադրույքի վերաբերյալ ԿԲ նիստը, որը տեղի է ունենալու վաղը: Ենթադրվում է, որ կարգավորողը ձեռնպահ կմնա տոկոսադրույքի իջեցումից՝ հիմնականում պահպանվող գնաճային միտումներից: Հայստանում դոլարի միջին փոխարժեքը կտատանվի, ենթադրաբար, 375-380 դրամի սահմաններում:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում ավելացել է 0.94%-ով՝ հասնելով 376.5 դրամի: Շաբաթվա ընթացքում առք ու վաճառքի ծավալները կազմել են 10.35 մլն ԱՄՆ դոլար, ինչը 14.05%-ով ավելի է, քան նախորդ շաբաթ:








































