«Նախընտրական շրջանում լրատվամիջոցների դերը Հայաստանում, ավելի քան երբևէ, կարևորվելու է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ քաղաքական ուժերն այդ շրջանում շատ են կարևորելու ԶԼՄ-ների անկեղծությունը և անաչառությունը:
«Հասարակական կարծիքի ձևավորման գործում լրատվամիջոցները մեծ դեր են կատարում, այդ է պատճառը, որ լրագրողները պետք է հնարավորինս անաչառ տեղեկատվություն տարածեն: Սա շատ կարևոր է, հատկապես՝ նախընտրական շրջանում»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Փորձագետ Արթուր Աթանեսյանն իր հերթին նկատեց, որ թեման խիստ արդիական է, և հասարակության վրա որևէ ազդեցություն ունենալը, նաև ԶԼՄ-ների միջոցով, այնքան էլ հեշտ չէ: «Հայաստանում ԶԼՄ-ները հավակնում են լինել չորրորդ իշխանություն, սակայն մամուլը, որպես չորրոդ իշխանություն, հստակորեն տարանջատված չի իշխանությունից, մասնավորապես` գործադիրից: Մեզ մոտ լրատվամիջոցներն իշխանության գործառաույթ են իրականացնում, նրանք ինքնիշխան չեն:
Հեռուստատեսության հանդեպ վստահությունը Հայաստանում շատ փոքր է, և ոլորտը ժողովրդականություն չի վայելում: Ինչ վերաբերում է տպագիր մամուլին, մեր երկրում այն ավելի ազատական է: Ազգային ռադիոն սարսափելի վիճակում է` ալիքների տարածման հետ կապված խնդիրների առումով»,- նկատեց փորձագետը:
Աթանեսյանի խոսքով՝ ամենամեծ ժողովրդականությունը վայելում են ինտերնետային լրատվամիջոցները: «Երիտասարդությունը հիմնականում ընտրում է ինտերնետը, որովհետև սա է ապագա ունեցող ուղղությունը»,- ամփոփեց փորձագետը:












































