Դեկտեմբերի 2-ին Սբ Կիրիլի և Մեթոդիոսի անվան Ազգային գրադարանում տեղի է ունեցել 2010 թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ բուլղարերեն և հայերեն թարգմանությամբ հրատարակված Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմին» գրքի, Հրանտ Մաթևոսյանի «Աստված, էս ինչ սիրուն աշխարհ է» և Վանյա Պետկովայի «Հայկական երգեր» վիպակների և բանաստեղծությունների ժողովածուների, «Սասունցի Դավիթ» էպոսի և «Կրալի Մարկո» լեգենդի շնորհանդեսը և գեղարվեստական երեկոն:
Միջոցառման հանդիսավոր բացմանը ելույթներով հանդես եկան Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Դիմիտր Դերելիևը, Սբ Կիրիլի և Մեթոդիոսի անվան ազգային գրադարանի տնօրեն Բորյանա Խրիստովան և Բուլղարիայում Հայաստանի դեսպանության խորհրդական Հասմիկ Դաշտոյանը:
Դիմիտր Դերելիևը, անդրադառնալով հայ- բուլղարական մշակութային համագործակցությանը, նշեց, որ դրանք նույնքան կայուն ու ամուր են, որքան երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Հասմիկ Դաշտոյանն իր խոսքում դեսպանության անունից երախտագիտության խոսք հայտնեց Բուլղարիայի մշակույթի նախարարին և շնորհանդեսին ներկա փոխնախարար Դիմիտրի Դերելիեւին, բոլոր հովանավորներին և գեղարվեստական երեկոյին մասնակից բուլղար և հայ դերասաններին ու մտավորականներին:
Այնուհետև տիկ. Դաշտոյանը Սբ Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի հայագիտական ամբիոնի դասախոս Հակոբ Օրհմանջյանին հանձնեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը՝ բուլղարական «Մարկո Կրալ» էպոսի հայերեն թարգմանության և Հրանտ Մաթևոսյանի «Հատընտիր»-ի բուլղարերն թարգմանության համար: ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց նաև Սբ. Կիրիլի և Մեթոդիոսի անվան ազգային գրադարանի մասնագետ Արմանդ Բասմաջյանը՝ «Սասունցի Դավիթ» և «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմին» գրքի բուլղարերեն թարգմանության համար: