Հոկտեմբերի 8-ին Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Նստաշրջանում ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (Ամերիկա), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Ինչպես հայտնում է ադրբեջանական 1news.az կայքը, իրենց ելույթներում նրանք ներկայացրել են հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացը:
«Միջնորդ երկրները ջանք չեն խնայում հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նրանք լուծումը տեսնում են երեք սկզբունքների՝ ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշումը պահպանելու մեջ»:
ԵՀԱԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար չպետք է դիմեն ուժի:
Կասպրշիկը հայտնել է, որ հրադարարի ռեժիմի խախտման հետևանքով հայ-ադրբեջանական շփման գոտում սպանվել է 3 զինծառայող: Նա նաև ասել է, որ դրա հետ կապված՝ ԵԱՀԿ-ն առաջարկում է հաջորդ շաբաթ այնտեղ մոնիթորինգ անցկացնել:
Նստաշրջանի ժամանակ կքննարկվեն նաև Հարավարևելյան Եվրոպայի զարգացման, այդ տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցության, ինչպես նաև՝ Միջերկրական ծովում անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր:
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը կավարտվի հոկտեմբերի 11-ին:








































