Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆաևն այսօր Սումգայիթում արդյունաբերողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այս տարվա առաջին կիսամյակին Հարավային Կովկասի երկրների տնտեսության մեջ Ադրբեջանի մասնաբաժինը գերազանցել է 80 տոկոսի սահմանագիծը.
«Ներկայիս դրությամբ Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմում է 28 միլիարդ դոլար։ Մինչդեռ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 3.5 միլիարդ դոլար, իսկ Հայաստանում՝ 2.2 միլիարդ դոլար։ Այդպիսով, միայն Ադրբեջանի ոչ նավթային հատվածին բաժին ընկնող ՀՆԱ-ն գերազանցում է հարավկովկասյան մյուս երկրների համատեղ ՀՆԱ-ն»։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսությունն աճել է 3 անգամ, ՀՆԱ-ն աճել է 300 տոկոսով։ Այսօր Ադրբեջանի տնտեսությունը կազմում է Հարավային Կովկասի տնտեսության 75 տոկոսը։ Այդ ամենի արդյունքում աճում է Ադրբեջանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա»։











































