Արևմուտքի աջակցությամբ Թուրքիան Մերձավոր Արևելքում փորձում է ստանձնել որոշում կայացնողի դերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ գիտաշխատող, թուրքագետ Լևոն Հովսեփյանը` խոսելով «Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում. թուրք-սիրիական հարաբերություններ և Սիրիայում հայկական համայնքի դիրքորոշումը» թեմայի շուրջ:
«Կան հրապարակումներ, որ Բաշար ալ Ասադը Թուրքիայի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կոշտ հայտարարություններով է հանդես եկել, սակայն թուրք-սիրիական հարաբերությունների սրացումը պետք է դիտարկել տարածաշրջանային, մասնավորապես մերձավորարևելյան զարգացումների համատեքստում»,- մեկնաբանեց Լևոն Հովսեփյանը` ընդգծելով, որ Թուրքիայի նպատակը Մերձավոր Արևելքում գերտերություն դառնալն է, որը նա իրականացնում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի լծակների շնորհիվ:
Ըստ նրա՝ դա նեոօսմանականության դրսևորում է, ինչը հիմնականում կայանում է նրանում, որ Թուրքիան հավակնում էՄերձավոր Արևելքում ներկայումս հանդես գալ որոշում կայացնողի դերակատարությամբ: Այսինքն՝ «Օսմանյան կայսրությունը շուրջ 500 տարի եղել է գերտերություն, և հիմա Թուրքիան ցանկանում է Օսմանյան Թուրքիայի կազմի մեջ մտած երկրների շրջանում ստանձնել առաջնորդի դերը»,- նշեց թուրքագետը: Անդրադառնալով այս համատեքստում հայ-թուրքական հարաբերություններին՝ Հովսեփյանը նկատեց, որ այս հարաբերություններում լուրջ զարգացումներ չեն լինի, Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը չափազանց հագեցած է: Նա նաև ասաց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ կնքել է վերջին տասնամյակի ամենահզոր ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիրը՝ ռադարների տեղադրման վերաբերյալ:
Համատեղ ասուլիսի ընթացքում արաբագետ Արաքս Փաշայանը խոսեց Սիրիայի ներքին քաղաքական զարգացումների շուրջ` նշելով, որ արտաքին միջամտության կարիք չկա: «Սիրիայի վարչակարգի հրաժարականը երկրում չի հաստատի ժողովրդավարություն և հնարավոր է՝ մեծ վնաս հասցնի նաև հայ համայնքին»,- նշեց արաբագետը` հնարավոր համարելով հայերի համագործակցությունը նաև նոր իշխանությունների հետ:










































