CNN Türk-ի փոխանցմամբ՝ երկօրյա այցով Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում գտնվող եվրոպական հարցերով պետնախարար, Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը կտրուկ քննադատել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին Երևանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարության համար.
«Սարկոզին պետք է զբաղվի իր երկրի խնդիրներով, և իր վրա չվերցնի պատմաբանի դեր։ Ամեն դեպքում, Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումներն այնպես են ահաբեկել Սարկոզիին, որ նա վճռել է հանդես գալ այդպիսի հայտարարությամբ։
Ես այդ ամենը հայտնել եմ նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարին մեր երեկվա հանդիպման ժամանակ։ Քաղաքական գործիչների գործը անցյալի իրադարձությունների քննումը չէ։ Քաղաքական գործիչների գործն ապագայի որոշակիացումն է։
Պատմաբանի դեր ստանձնելու փոխարեն, Սարկոզին պետք է զբաղվի իր երկրի խնդիրներով, երկիրը դուրս բերի տնտեսական ճգնաժամից, ԵՄ-ի ապագայի համար ստեղծի նախագծեր։ Դա օգտակար կլինի թե՛ Եվրոպայի, թե՛ Ֆրանսիայի համար և կծառայի աշխարհի խաղաղությանը։ Սարկոզիի հայտարարությունն ուղղված է սեփական վարկանիշի բարձրացմանը»։
Հիշեցնենք՝ Սարկոզին Երևանում հայտարարել է, որ եթե մինչև տարեվերջ Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել են այլ մեծ պետություններ, ապա իրենք կդիմեն այլ նախաձեռնությունների, այդ թվում՝ Ֆրանսիայում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։










































