FBI ղեկավար Ռոբերտ Մյուլլերը, հոկտեմբերի 6-ին ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզությունների կոմիտեի առաջ, հայտարարել է, որ առաջիկա տարիներին իր գերատեսչության առաջնային խնդիրներից մեկն է կիբերլրտեսության դեմ պայքարը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, Մյուլլերի խոսքերով՝ առավել մեծ վտանգ է ներկայացնում Չինաստանի կողմից լրտեսությունը (այդ թվում տնտեսական): Նա նշել է, որ 2006 թվից բյուրոյի գործակալները հետաքննել են Չինաստանի օգտին լրտեսություն կատարած մեծ թվով անձանց գործեր:
Նշենք, որ նախկինում պաշտոնական Պեկինը բազմիցս հերքել է իր մասնակցությունը ամերիկյան կառավարական հաստատությունների և ընկերությունների դեմ կիբերհարձակումներին (մասնավորապես՝ Google ընկերությունը մեղադրել է Չինաստանի իշխանություններին իր սերվերների վրա հարձակումների համար):
Մյուլլերը զգուշացրել է, որ վտանգ կա նաև Ռուսաստանի և, հնարավոր է, Իրանի կողմից:
Նրա խոսքերով՝ կիբերհարձակումները վտանգ են ներկայացնում ինչպես զինվորական և այլ գերատեսչությունների, այնպես էլ ֆինանսական և հեռուստահաղորդակցման սեկտորների և այլ կարևոր կառուցվածքների համար:









































