«Իսկապես ցավում եմ, որ նման մարդը հեռացավ 56 տարեկանում: Ինձ թվում է՝ աշխարհը կորցրեց ստեղծողի, որովհետև իրականում Սթիվ Ջոբսը ստեղծող էր, ոչ թե կրկնող: Եթե նայեք՝ հիմա բոլորը փորձում են կրկնօրինակել»,- նման կարծիք հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ խոսելով Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին:
Բ.Ենգիբարյանը ափսոսանք հայտնեց, որ «չհասցրեցինք ՀՀ նախագահի մրցանակն իրեն տալ»: Սթիվ Ջոբսը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հիմնական թեկնածուներից էր. «Սպասում էինք ապաքինվի, որովհետև նրա դերակատարությունը շատ մեծ էր»:
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նույնպես ափսոսանք հայտնեց, որ հնարավորություն չեղավ նման խարիզմատիկ մարդու հրավիրել Հայաստան. «Աշխարհում շատ քիչ մարդ կա, որ իր ժամանակակիցների վրա նման հետք է թողել: Եվ մենք շատ սենտիմենտալ ենք, որ երբ մեկը հայկական ինչ-որ ծագման ֆոն է ունենում, միանգամից սկսում ենք վերագրել մեզ»:










































