Սթիվ Ջոբսի մահվան հանգամանքից Facebook սոցիալական կայքում փորձել են օգտվել ինտերնետային չարագործները: Ինչպես հաղորդում է Naked Security կայքը, նրանք հաղորդագրություն են տարածել այն մասին, որ իբր Apple ընկերությունը «ի հիշատակ Սթիվի» 50 պլանշետային iPad է նվիրում: Հաղորդագրությանը նրանք կցել են հղում, որը bit.ly ծառայության միջոցով կրճատել էին: Հղմանը հետևելով օգտատերերը տեսնում էին մի էջ, որը սովորաբար չարագործների կողմից օգտագործվում է վիրուսներ տարածելու համար:
Naked Security-ի հեղինակները հաղորդում են, որ իրենց խնդրանքով bit.ly-ի ղեկավարությունն արգելափակել է հղումը: Մինչ այժմ, վիճակագրության համաձայն, հղմանը հետևել է ավելի քան 15 հազար մարդ: Վիրուսի տարածման դեպք դեռ չի գրանցվել:











































