Քաղաքագետ Կարեն Բեքարյանը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հյաաստան կատարելիք պետական այցի շրջանակներում կքննարկվեն երեք խումբ հարցեր, դրանց թվում` առանցքային կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
«Բացի հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերություններին և Հայաստանի եվրաինտեգրման խնդիրներին առնչվող հարցերից, Սարկոզին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար, քննարկման առարկա կդարձնի նաև ղարաբաղյան կարգավորման խնդիրը»,- նշեց քաղաքագետը:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին վաղը` հոկտեմբերի 6-ին, երկօրյա պետական այցով կժամանի Հայաստան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Կաթողիկոսի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Երևանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաև Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:









































