ՀՅԴ պատգամավոր Արտյուշա Շահբազյանը բնական է համարում, որ Հայ ազգային կոնգրեսը, չլինելով խորհրդարանական ընդդիմություն, իր դիրքորոշումներն ու տեսակետերը պետք է արտահայտի հրապարակներում, մինչդեռ ՀՅԴ-ն դրա համար օգտագործում է խորհրդարանական հարթակը: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվականի» հետ զրույցում:
Պատգամավորը չհամաձայնեց հաճախ հնչող այն տեսակետի հետ, որ ՀՅԴ-ն, որպես խորհրդարանական ընդդիմություն, համեմատաբար պասիվ դիրքերում է: «Նման բան չկա: Պարզապես ՀԱԿ-ը, չլինելով խորհրդարանական ուժ, որպես ամբիոն օգտագործում է Ազատության հրապարակը, այն դեպքում, երբ տեսակետներ հայտնելու մեր հարթակը Ազգային ժողովն է: ՀՅԴ-ն պասիվ չէ, եւ դրա ապացույցն են նախորդ ամիս անցկացված մեր հանրահավաքները:
Մենք բազմաթիվ հարցապնդումներ ունենք կառավարությանը, պատրաստվում ենք լայն քննարկման առարկա դարձնել տնտեսական մի շարք հարցեր, այդ թվում` բյուջեն, այնպես որ՝ բոլորովին էլ պասիվ դիրքերում չենք»,- նկատեց նա:








































