Հունգարիայում ավարտվել է 2011թ. ձողապարի աշխարհի առաջնությունը (World Pole Sport Fitness Championships), որին առաջին անգամ մասնակցում էին նաև տղամարդիկ:
Մրցույթի տղամարդկանց անվանակարգում մասնակցում էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Հաղթող է ճանաչվել Ռուսաստանը ներկայացնող 26-ամյա Եվգենի Գրեշիլովը, երկրորդ տեղը շնորհվել է Մեծ Բրիտանիայի, իսկ երրորդ տեղը` Ֆրանսիայի ներկայացուցչին:
Կանանց անվանակարգում մրցակցությունը շատ ավելի թեժ էր, քանի որ մասնակիցների թիվը մեծ էր: Այստեղ հաղթող է ճանաչվել Բելառուսը ներկայացնող Ալեսյա Վազմիցելը, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար՝ Ֆրանսիայի և Նիդեռլանդների ներկայացուցիչները:
Ձողապարի աշխարհի առաջնությունը կազմակերպում է ձողապարի ֆեդերացիան, այն արդեն անցկացվում է մի քանի տարի:
Ձողապարն իր մեջ պարունակում է ակրոբատիկ և պարային տարրեր, որ իրականացվում են մերկապարի ձողի վրա: Սակայն ձողապարի մասնագետները պնդում են, որ այն որևէ կապ չունի էրոտիկ մերկապարի հետ:








































