«Հայկական ժամանակ» թերթի խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ընթացող ՀԱԿ հանրահավաքին, անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այսօրվա հայտարարությանը, համաձայն որի Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին, հասարակական զուգարանների բացակայության պարագայում, պետք է «գարշոկներ» բաժանել:
«Գալուստ Սահակյանը ոչ միայն գարշոկներ թող բերի, այլ նաև հանրապետական պատգամավորների, որ այդ գարշոկները դատարկեն: Նրանք չեն կարող արգելել մեր շուրջօրյա հանրահավաքները: Այս հանրահավաքը մի օր դուրս է հորդելու մարդկանց սրտերից և լցվելու է Երևանի փողոցներ, իսկ Գալուստ Սահակյանները գարշոկին «կակա» են ասելու: Ես եմ ասում, Գալուստ Սահակյանը և Սերժ Սարգսյանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքից լավ տղա չեն: Այսօր շատերին է թվում` Հայաստանում իշխանափոխությունն անհնար է, սակայն իշխանափոխությունն անխուսափելի է: Մենք շարունակելու ենք հանրահավաքները, քանի դեռ Գալուստ Սահակյանը ձեզանից իր լկտիության համար ներողություն չի խնդրել»,- ասել է Փաշինյանը:
ՀԱԿ ներկայացուցիչն ասել է, որ իրենց խնդիրը Հայաստանը բարոյական աղբից մաքրելն է, և որ իշխանական սպառնալիքներն ու անհաջողությունները չեն կանգնեցնելու իրենց:










































