Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրում Ադրբեջանի գծով կոորդինատոր Վուղար Բայրամովն անդրադարձել է սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին.
«Գագաթնաժողովում ստորագրվեց հատուկ համաձայնագիր՝ ուղղված ներդրումների ավելացմանը և փոքր ու միջին ձեռնարկատիրությանը աջակցմանը։ ԵՄ-ը մտադիր է առաջիկա 3 տարիներին «Արևելյան գործընկերության» ծրագրում ընդգրկված երկրներին հատկացնել 1.9 միլիարդ եվրո։ Միջոցների հատկացումը համաձայնեցված է։ Յուրաքանչյուր երկրի բաժին է ընկնում 300 միլիոն եվրո»։
Բայրամովը հավելել է, որ ԵՄ-ը շուտով ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ պայմանագիր է կնքելու Վրաստանի հետ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Փորձագետի կանխատեսմամբ՝ ԵՄ-ը Ադրբեջանի հետ այդպիսի փաստաթուղթ կստորագրի 2012 թվականին։
Հիշեցնենք, որ ԵՄ կողմից ստեղծված «Արևելյան գործընկերություն» նախագիծը միտված է նրան, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Բելառուսը և Ուկրաինան է՛լ ավելի մերձենան ԵՄ-ին:
Թեև այն չի ենթադրում անդամակցություն ԵՄ-ին, այնուամենայնիվ, նախատեսում է քաղաքական ու տնտեսական մերձեցում: Այս ծրագրի մեկնարկը տրվել է 2009 թվականի մայիսի 7-ին՝ Պրահայում կայացած ԵՄ գագաթնաժողովում:








































