Իսպանիայի կառավարությունը դադարեցրել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ նախնական բանակցությունները՝ այլընտրանքային տարբերակ համարելով եվրոպական Eurofighter ինքնաթիռները և դեռևս մշակման փուլում գտնվող Future Combat Air System (FCAS) համակարգը: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով Իսպանիայի պաշտպանության նախարարությունը։
Ամերիկյան F-35 Lightning II կործանիչների գնման ծրագրերի կասեցման մասին օգոստոսի 6-ին հայտնել էր նաև El Pais-ը, որին նման տեղեկատվություն էին փոխանցել Իսպանիայի կառավարության աղբյուրները:
Նշվում է, որ Իսպանիայի ռազմաօդային ուժերը նաև դիտարկում են F-18-երի փոխարինումը՝ սպասելով FCAS ծրագրի շրջանակներում եվրոպական վեցերորդ սերնդի կործանիչի հայտնվելուն: Ենթադրվում է, որ այդ ինքնաթիռները պատրաստ կլինեն 2040 թվականից ոչ շուտ: Մինչ այդ, Իսպանիայում շարունակում են շահագործել Eurofighter կործանիչները՝ չնայած տեխնոլոգիական սահմանափակումներին։
Իսպանիան մտադիր է կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունը և 2025 թվականին պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակին։ Սա հնարավոր կլինի անվտանգության և պաշտպանության ոլորտում տեխնոլոգիական և արդյունաբերական զարգացմանը միտված կառավարության ծրագրի շնորհիվ, որի իրականացմանը լրացուցիչ կհատկացվի 10.47 միլիարդ եվրո։








































