Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքում հյուսիսկովկասցիների հետ կռվում սպանվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի երկրպագու Անդրեյ Ուրյուպինը` ստանալով դանակի երկու հարված սրտի շրջանում: Ուրյուպինը տեղի զվարճանքի կենտրոններից մեկում նշելիս է եղել իր 18-ամյակը: Դանակի հարվածներից վիրավորվել է նաև նրա ընկերը, որը գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Գործակալությունը հաղորդում է, որ ձերբակալվել են 3 կասկածյալներ Կարաչաևո Չերկեսիայից: Ավելի ուշ հաղորդվել է, որ ձերբակալվածներ չկան, մի քանի հոգու նկատմամբ հայտարարված է հետախուզում: Իրավապահները մի քանի օր այս հանցագործությունը թաքուն են պահել, քանի որ մտահոգված են, որ այն կարող է հրահրել միջէթնիկ նոր բախումներ, ինչպես եղել էր անցած տարի «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունից հետո:
Համացանցում վրեժի կոչեր են հնչում, ոմանք կանչում են Մանեժնայա հրապարակ, որտեղ սովորաբար բողոքի ակցիաներ են անցկացնում ազգայնականները: Ակնկալվում է նաև, որ ազգայնականները նոյեմբերի 4-ին Ազգային միասնության օրվա կապակցությամբ մեծ երթ են անցկացնելու:







































